ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իրանը դառնում է ԵԱՏՄ անդամ, հաջորդը Ադրբեջանն է

Իրանը դառնում է ԵԱՏՄ անդամ, հաջորդը Ադրբեջանն է
20.02.2021 | 10:35

Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը Մոսկվա այցի արդյունքներով հաղորդել է, որ Թեհրանն առաջիկայում կսկսի իբրև մշտական անդամ ԵԱՏՄ-ին անդամակցելու նախապատրաստությունը:

Նրա խոսքով՝ «Իրանը սկսել է բանակցությունները միությունում մշտական անդամի կարգավիճակ ստանալու շուրջ, նախապատրաստական աշխատանքները կտևեն երկու շաբաթ»: Իր մասշտաբներով այս իրադարձությունը հավակնում է դառնալ խոշորագույն քաղաքական-տնտեսական իրադարձություն ոչ միայն տարածաշրջանային մակարդակում: Եթե ԵԱՏՄ-ն առաջ դիտարկվում էր նախկին ԽՍՀՄ-ի երկրների ինտեգրման նախագիծ, Թեհրանի մասնակցությամբ ալյանսը դուրս է գալիս հետխորհրդային սահմաններից: Բայց խոսքը միայն դրա մասին չէ: Իրանում եղել են և հիմա էլ կան քաղաքական ուժեր, որ դեմ են ԵԱՏՄ-ի լիարժեք մասնակցի կարգավիճակին՝ համարելով Ռուսաստանի տնտեսական, քաղաքական և այլ ազդեցության ուժեղացում: Նրանք ջրի երես են հանել հին «պատմական վիրավորանքները»՝ սկսած 19-րդ դարում Պետրոս Մեծի պարսկական արշավանքներից, երբ Ռուսաստանին անցան անդրկովկասյան խանությունները, մատնացույց են անում Մոսկվայի ու Թեհրանի «առանձնահատուկ» հարաբերությունները երկրորդ աշխարհամարտի տարիներին և հետո: Նրանց քաղաքականությունը մի բանաձև է ունեցել. «Ռուսաստանից վերցնել առավելագույնը, Ռուսաստանին տալ հնարավորի նվազագույնը, թշնամություն չանել, բայց և հնարավորություն չտալ նույնիսկ նվազ ազդեցություն ունենալ Թեհրանի վրա»: Հիմա Թեհրանում վճռել են փոխել նախկին դիրքորոշումը: Պատճառները բազում են: Դատելով ամեն ինչից՝ Իրանում նվազում են այն քաղաքական ուժերի հնարավորությունները, որ հույս ունեին Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ համագործակցության վերսկսկումով երկրին վերադարձնել տարածաշրջանային մեծ տերության կարգավիճակը: Կարծես թե Իրանում դադարել են հավատալ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կհրաժարվի պատժամիջոցներից և կվերադառնա միջուկային համաձայնագրին առանց որևէ նախապայմանի: Ավելին՝ երկրի իշխող էլիտան կարծում է, որ Մոսկվան ոչ մի համաձայնության չի գնա ԱՄՆ-ի հետ իրենց թիկունքում, իսկ իրավվիճակը ոչ միայն համաշխարհային քաղաքականության մեջ, այլև տարածաշրջանային դասավորության, փոխվում է գերակայությունների ընտրության հարցում:


Օբյեկտիվորեն Իրանը իբրև ԵԱՏՄ մասնակից իր գործընկերությունը բարձրացնում է ռազմավարական դաշնակցի մակարդակի, իսկ այդ միության սահմանները սկսում են անցնել արդեն Պարսից ծոցով, որ լրջորեն փոխում է իրավիճակն ամբողջ Մերձավոր Արևելքում: Ավելի կոնկրետ՝ որոշարկելով առաջիկա խնդիրները, որ հնարավոր է համեմատաբար արագ լուծել, խոսքը Իրանի մասնակցության մասին է Անդրկովկասի հաղորդակցական միջանցքների ապաշրջափակմանը, որ հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո: Իրանը կարող է ամբողջությամբ ապաշրջափակվել, գործընկերային նոր հարաբերություններ հաստատել Անդրկովկասի երկրների հետ, որոնցից մեկը՝ Հայաստանը, ԵԱՏՄ անդամ է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «գոյություն կունենա երկաթուղային հաղորդակցություն Ռուսաստանի ու Իրանի միջև՝ Նախիջևանի միջով, նաև՝ երկաթուղային հաղորդակցություն Իրանի ու Հայաստանի , Թուրքիայի ու Ռուսաստանի միջև»: Ալիևի խոսքով՝ «Տարածաշրջանի տրանսպորտային նախագծերը պետք է հատուկ դեր խաղան մեր տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման մեջ, ապահովելով կայունություն և զրոյի հասցնելով նոր պատերազմի ռիսկը», և «մասնակից բոլոր երկրները միայն կշահեն դրանից»: Իրանն արդեն դրսևորել է իրեն որպես Տաջիկստանի հուսալի ներդրող, որտեղ իրականացրել է մի քանի մեծ նախագծեր՝ Սանգտուդա-2 հէկ-ի և Անզոբի թունելի շինարարությունը, որ Դուշանբեն միացնում է Խուջանդ քաղաքին: Ադրբեջանի հետ իրանցիները համագործակցում են Օրդուբադի և Մարազադի հէկ-երի կառուցման մեջ Արազի վրա: Մեծ հաշվով՝ ղարաբաղյան պատերազմից հետո խոչընդոտներ չկան և Ադրբեջանի ԵԱՏՄ անդամկցության համար: Աննորմալ կլինի, երբ ԵԱՏՄ ինտենսիվ երկխոսության ձևաչափից Բաքուն դուրս մնա: Մնում է այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անել:


Եզրակացություն՝ ԵԱՏՄ լիարժեք անդամի կարգավիճակը սկզբունքորեն փոխում է իրավիճակը ոչ միայն Անդրկովկասում, այլև Մերձավոր Արևելքում: Տնտեսական ինտեգրման գործընթացները վերաբերում են և տարածաշրջանային անվտանգությանը՝ այդ իրադարձության նշանակությունը դժվար է գերագնահատել: Իրանի տնտեսությունը 15-րդն է աշխարհում ազգային արտադրության ծավալով և խոշորագույնը Արևմտյան Ասիայում ու ՕՊԵԿ-ում: Իրանը Սաուդյան Արաբիայից հետո երկրորդն է նավթի պաշարով (18 միլիարդ տոննա) և ունի համաշխարհային շուկայում նավթամթերքների արտադրության 5,5%-ը: Խոսուն թվեր են: Իրանը դադարում է ռազմավարական միայնակյաց լինել, ձգտում է փոխել ուժերի հավասարակշռությունը իր օգտին՝ մի քանի աստիճան վեր ցատկելով Արևմուտքի հետ էսկալացիայի սանդղակով՝ ռազմավաական համագործակցության մեջ մտնելով Ռուսաստանի և նրա ԵԱՏՄ գործընկերների հետ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Առաջ ռուս փորձագետները մեջբերումներ էին անում միայն ցարից՝ Պուտինից, հիմա մեջբերումներ են անում Ալիևից, իմա՝ իրոք գերակայությունների փոփոխություններ են եղել Ռուսաստանի քաղաքականության մեջ: Եվ այդ տրամաբանությամբ հաջորդ փուլում ասվելու է՝ Աննորմալ կլինի, երբ ԵԱՏՄ ինտենսիվ երկխոսության ձևաչափից Անկարան դուրս մնա, ու հավաստող մեջբերումներ կհորդան Էրդողանից:


Իսկ ընդհանրապես երեկ՝ ԱՄՆ ՄԱԿ-ից հետ է կանչել Իրանին պատժամիջոցների ենթարկելու Դոնալդ Թրամփի հայտը և բացահայտորեն վերադառնում է 2015-ի միջուկային համաձայնագրին: Հարկավ՝ դա միանգամից չի լինի՝ ինչպես երեկվանից ԱՄՆ-ը համարվում է Կլիմայի Փարիզի համաձայնագրի անդամ, որովհետև Իրանը ևս խախտել է միջուկային համաձայնագիրը՝ կրկնապատկելով ուրանի հարստացման ցենտրիֆուգաներն ու ուրան հարստացնելով: Բայց դա այլ խոսակցություն է: Իսկ ինչպե՞ս պետք է Հայաստանն արձագանքի Ադրբեջանի ԵԱՏՄ-ին անդամակցմանը, եթե նման հարց ընդհանրապես ծագի: Կա երկու տարբերակ: Առաջին՝ վետո դնի առանց բացատրությունների, որովհետև պատճառներն ակնհայտ են: Երկրորդ՝ համաձայնի՝ առաջադրելով պայմաններ, որոնք վերաբերում են թե Հայաստանին, թե Արցախին: Երրորդը ԵԱՏՄ-ից դոուրս գալն է, բայց ամենայն հավանականությամբ ոչ մի տարբերակն էլ չի գործի, որովհետև Ադրբեջանի ինչի՞ն է պետք ԵԱՏՄ-ն: Առավելևս՝ Թուրքիայի, եթե երկուսն էլ ձգտում են ԵՄ-ի տեխնոլոգիաները, ներդրումներն ու շուկան ստանալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 155441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ